«Ծաղիկները, երաժշտությունը և երեխաները մեր կյանքի զարդերն են»: Այսպես ասել է Պյոտր Իլյիչ Չայկովսկին` ականավոր ռուս կոմպոզիտոր, ամենակատարվող և լիրիկական կոմպոզիտորներից մեկը:
Հենց նրա երաժշտությանը և մասնավորապես «Մանկական ալբոմ» շարքին էր նվիրված համերգը, որն անցկացվեց փետրվարի 10-ին, «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգը կազմակերպեց և անցկացրեց Կարինե Հովհաննիսյանը, իսկ համերգային կատարումներով երեկոն ամբողջացրեց նաև մեր մյուս ուսուցիչ Անի Ֆահրադյանը:
Աշակերտները ելույթ ունեցան իրենց ուսուցիչների հետ մեկ բեմում, ինչը երեկոյին հաղորդեց առավել անմիջական, ջերմ և ստեղծագործ մթնոլորտ: Համերգին հնչեցին շարքի բոլոր 24 պիեսները, որոնցից յուրաքանչյուրը փոքրիկ պատմություն է և նրանք բոլորը միասին ներկայացնում են ամբողջական մի աշխարհը: Այս պիեսների անվանումները բացահայտում են այդ աշխարհը և դարձնում այն ավելի հասկանալի երեխաների համար: Համերգն ուղեկցվում էր ցիկլի բովանդակության և ստեղծման մասին հետաքրքիր փաստերով և պատմություններով:
Համերգի ավարտին երեխաները ստացան թեմատիկ բացիկներ: Երեկոն ստացվեց շատ խորը և հուզիչ ինչպես կատարողների, այնպես էլ ունկնդիրների համար: