Դժվար է հավատալ, որ բոլոր մեծագույն գիտնականները, երաժիշտները, բժիշկները... ինչ-որ ժամանակ եղել են աշակերտներ: Աշակերտը և ուսուցիչը մեկ գործընթացի 2 կարևոր օղակներ են և միմյանց հանդեպ վերաբերմունքից է կախված կրթության արդյունքը:
Իսկ երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու լավագույն ճանապարհը օրինակն է: Երեխաները մեծագույն «կրկնօրինակողներ» են: Այդ պատճառով շատ կարևոր է նրանց ցույց տալ արժանի օրինակներ: Դրա հաստատումն է «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի ավանդական համերգներից մեկը` «1+1», որտեղ երեխաները ելույթ են ունենում իրենց ուսուցիչների հետ:
Մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ այդ շարքի հերթական համերգը:
Առաջին բաժնում ելույթ էին ունենում աշակերտներն իրենց ուսուցիչների հետ, իսկ երկրորդում բեմում էին միայն ուսուցիչները:
Հանդիսատեսը տպավորված էր բոլոր համարների պրոֆեսիոնալ բարձր աստիճանով, ռեպերտուարի ընտրությամբ:
Եվ ինչը ամենակարևորն էր` դահլիճը փայլում էր մանկական ժպիտներով, որոնք լցված էին մեծ սիրով դեպի այն, ինչ անում են իրենք: