Մի քանի տարի է արդեն, որ սեպտեմբերյան վերջին շաբաթը մեր դպրոցում անպայման դառնում է Կոմիտասյան...
«Ով ենք մենք» խորագրի ներքո ամեն տարի տարբեր կողմերից բացահայտվում և մեր աշակերտությանն է ներկայացվում այս մեծ երաժշտի` հայի ինքնության խորհրդանիշ դարձած Կոմիտասի խոսքն ու գործը:
Այս տարի սեպտեմբերի 30-ին «Լուիզա-Վ» երաժշտական դպրոցի «հյուրն» էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը` ի դեմս ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Մարտիրոսյանի:
«Կոմիտասն արվեստի գործերում» կրթական ծրագրում ներկայացվեց ոչ միայն Կոմիտասի ամբողջական կերպարը, այլև նրա ազդեցությամբ ստեղծված մեծաքանակ արվեստի գործերից մի քանիսը:
Իսկ պատանիների համար պատրաստված էր «Հայկական նոտագրություն» թեման, որի շրջանակներում ոչ միայն տեղեկացանք, որ հայերս ունենք առանձնահատուկ նոտագրության համակարգ, այլ նաև, թե ինչու է բանահավաք Կոմիտասը նախընտրել հենց այդ համակարգով գրառել հայ երգը: